Նորություններ
Տպել

   Ավարտվեց «Սփյուռք» ամառային դպրոցը։ Ամփոփելով արդյունքները՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ «Հայերենի արագացված ուսուցում» դասընթացի արևմտահայերենի խումբը, որի կազմում ընդգրկված են երեք մասնակից Թուրքիայից և մեկ մասնակից Չեխիայից, ուսումնական գործընթացում արձանագրել է մի շարք հաջողություններ։

Խմբում արևմտահայերեն են դասավանդում Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի դոկտոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, հայագետ Ավետիս Ափոշյանը։ 

Մասնակիցները զուգադրական մեթոդով, թուրքերենի միջնորդությամբ առաջին շաբաթվա ընթացքում յուրացրել են այբուբենը, սովորել նոր բառեր ու հաղորդակցական կառույցներ: Հաջորդ շաբաթվա ընթացքում մասնակիցներին տրվել են քերականական գիտելիքներ: Այսպիսով՝ ամենօրյա դասընթացի շրջանակներում  մասնակիցները ոչ միայն համալրել են իրենց բառապաշարը, այլև ստացած գիտելիքների հիման վրա հաղորդակցվել և հարցեր ուղղել միմյանց: 

Դասընթացի շրջանակներում կազմակերպվել են նաև մշակութային ու ճանաչողական այցելություններ, որոնք իրենց հերթին նպաստում են լեզվական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև հայրենաճանաչությանը: Մասնակիցներին ամենուր մեծ աջակցություն են ցույց տալիս խմբի կամավորները: 

«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվել են նաև շատ հետաքրքիր հանդիպումներ։ Խմբում դաս-հանդիպում է անցկացրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի արևմտահայերենի ուսուցչուհի, վաստակաշատ մանկավարժ Գեղանի Էյթիմեզյանը։ Վաստակաշատ մանկավարժը մասնակիցներին ներկայացրել է իր գործունեությունը, լեզվի դասավանդման սեփական մեթոդները, ինչպես նաև անձամբ վարել արևմտահայերենի ուսուցման մեկ դասաժամ:

Տիկին Էյթիմեզյանի դասին հաջորդել է հանդիպում-դասախոսություն ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանի հետ։ Մասնակիցները լսեցին հայոց պարերի առաջացման պատմությունը, ծանոթացան դրանց առանձնահատկություններին, իսկ այնուհետև ստացան գործնական գիտելիքներ։ Հագեցված օրն ավարտվեց ազգային «Վերվերի» և «Քոչարի» պարերի ուսուցմամբ:


Նյութը պատրաստեց խմբի կամավոր Ջեմմա Բադիկյանը


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց