Նորություններ
Տպել

 

 

 Հուլիսի 4-ին մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայերենի արագացված ուսուցում» դասընթացի ռուսախոսների չորրորդ խմբի առաջին դասը: Մասնակիցները ծանոթացան միմյանց և դասավանդող դասախոսի՝ Նառա Սագսյանի հետ: Առաջին մի քանի դասերին մասնակիցները սերտեցին մաշտոցյան այբուբենը, համալրեցին իրենց բառապաշարը՝ զարգացնելով հաղորդակցական հմտությունները: 

Խմբի անդամներից Վիկա Մկրտչյանը արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան. նա նաև Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցներից է եղել: Շատ է ուզում սովորել հայերեն, որովհետև, ըստ նրա, ամեն հայ պետք է իմանա իր հարազատ լեզուն, խոսի և գրի հենց մայրենի լեզվով:

«Հայոց լեզվի իմացությունը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի հաջորդ սերնդին փոխանցենք մեր լեզուն, որը կպահպանենք և մեր հերթին կփոխանցենք սերնդեսերունդ»,– նշեց  նա:

Տասներկուամյա Մարիամը խմբի ամենափոքր մասնակիցն է: Նա վաղուց է երազում սովորել հայերեն և այժմ նման հնարավորություն է ստացել: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է խոսի հայերեն: Ես ուրախ եմ, որ այս ծրագրի մասնակիցներից եմ, ինձ համար հետաքրքիր և հաճելի է այս միջավայրում հայերեն սովորելը»,– ընդգծեց Մարիամը:

Դասախոս Նառա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ օտար երկրում լեզուն պահպահելը շատ դժվար է, և ծրագիրը նպաստում է մասնակիցների լեզվամտածողության ձևավորմանը: Առաջին դասից ստացած տպավորությունները դասախոսը գնահատեց դրական: «Ուրախալի է, որ մասնակիցները ցանկություն ունեն և պատրաստակամ են հայերեն սովորել: Ամենակարևորն այս դեպքում նրանց ազգային ինքնության պահպանման բարձր գիտակցությունն է. սա նշանակում է, որ դասերը արդեն իսկ հաջողված են»,- նշեց դասախոսը:

Վերջում դասն ամփոփվեց մասնակիցների գիտելիքները ստուգող թեստով:


Նյութի հեղինակ՝  ՍԱԴ կամավոր Նանե Պետրոսյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց