Նորություններ
Տպել

 

 

 Մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի արագացված ուսուցման» ռուսախոսների խմբի չորրորդ (վերջին) շաբաթը: Դասախոս Վերա Ադամյանի շնորհիվ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները ոչ միայն հասցրել են յուրացնել մեսրոպյան այբուբենը, այլև սովորել են գրել և կարդալ մայրենի լեզվով: «Հայրենիքի հանդեպ սերը և հայրենաճանաչ լինելը սկսվում է լեզվի իմացությունից, առավել ևս եթե խոսքն այնպիսի հարուստ ու դարավոր պատմություն ունեցող լեզվի մասին, ինչպիսին հայերենն է»,- իր խոսքում նշեց Վ. Ադամյանը, մեջբերելով գրականագետ, պատմաբան, ազգագրագետ և մանկավարժ Երվանդ Շահազիզի խոսքերը: Վերջինս իրավացիորեն պնդում էր, որ «Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...»։ 

Ինչպես նշեց դասախոսը, չնայած հայոց լեզվի քերականական, ուղղագրական և հնչյունական դժվարություններին՝ մասնակիցները հեշտությամբ կարողացան ընկալել մատուցված գիտելիքները, քանի որ հայրենիք են եկել մայրենի լեզուն ուսանելու  վեհ նպատակով։ Վ. Ադամյանը նաև հավելեց, որ մասնակիցները ջանասիրաբար են կատարում հանձնարարված առաջադրանքները, և ինքը հաճույքով է աշխատում այնպիսի մասնակիցների հետ, որոնք, աշխարհի որ անկյունում էլ լինեն, միշտ հպարտությամբ կփաստեն իրենց հայ լինելը:

Դասերի ընթացքում ստացած գիտելիքներին զուգահեռ մասնակիցները զինվեցին նաև «փորձարարական» գիտելիքներով։ Օրինակ՝ շրջակա միջավայրն ուսումնասիրելիս (այն հայերեն ներկայացնելու հնարավորություն ստանալով) մասնակիցները դասախոսի և կամավորի՝ Կարպիս Անումյանի հետ գնացին ուսուցողական ֆիլմ դիտելու՝ համատեղելով գիտելիքը ժամանցի հետ։  

Մասնակիցներն էլ իրենց հերթին նշեցին, որ շատ կուզենային ավելի երկար տևեր դասընթացը և պատրաստակամություն հայտնեցին նաև մյուս տարի հայրենիք այցելելու և «Սփյուռք» ամառային դպրոցին մասնակից դառնալու, որպեսզի խորացնեն իրենց գիտելիքները հայոց լեզվի և մշակույթի վերաբերյալ։ Նրանք նաև խոստացան, որ երբ վերադառնան Ռուսաստան, հայրենակիցների հետ կհաղորդակցվեն միայն մայրենի լեզվով: 

Բացի լսարանային դասընթացներից՝ մասնակիցներն այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ Գառնու տաճար, Գեղարդի վանական համալիր, Էջմիածին, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Կոմիտասի անվան պանթեոն, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր զինվորական պանթեոն և այլն։

Այցելությունների ընթացքում ՍԱԴ-ի կամավորները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդել մասնակիցներին, իսկ նրանք էլ հետաքրքրությամբ լսել և մտապահել են մատուցված նյութը, պատմել իրենց իմացածի մասին, երբեմն նույնիսկ լրացումներ արել: 

   Ոգևորիչ է այն փաստը, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, լինելով օտարության մեջ, ինչ-որ չափով տեղյակ են  Հայաստանի մշակութային կոթողներից, երբեմն ավելի լավ, քան Հայաստանում ապրողները, գիտեն մեր հայ գրողներին և նրանց ստեղծագործությունները, իսկ պակասը մեծ սիրով և համբերատարությամբ լրացրել են դասախոս Վ. Ադամյանն ու կամավոր Կ. Անումյանը: 


                                                      ՍԱԴ կամավոր՝ Կարպիս Անումյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց