Նորություններ
Տպել

 

  Հուլիսի 10-ին և 11-ին «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց լինելու մի շարք լրատվամիջոցներում՝ «Երկիր մեդիա» և «Արարատ» հեռուստաընկերություններում, «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում և Հանրային ռադիոյում։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում դասընթացի մասնակիցները տաղավարից դիտեցին «Բարև երկիր» ծրագրի ուղիղ եթերը, որից հետո հաղորդավար Ժակը ծանոթացրեց նրանց ուղիղ եթերի աշխատանքին։

 Հանրային ռադիոյում սփյուռքահայ լրագրողներին դիմավորեց «Կամուրջ» ծրագրի լրագրող Աննա Սահակյանը։ Մասնակիցները հետևեցին լրագրողների աշխատանքին, տեսան՝ ինչպես է մոնտաժվում ձայնը, ստանում երաժշտական ձևավորում և հեռարձակվում։ Շրջայցն ավարտելուց հետո դասընթացի մասնակիցները «Կամուրջ» ծրագրի լրագրողների հետ փոխանակվեցին կոնտակտային տվյալներով՝ հետագա համագործակցության համար։ Թեև Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ հանդիպում նախատեսված չէր, սակայն երջանիկ պատահականությամբ սփյուռքահայ լրագրողները հնարավորություն ստացան նաև զրուցելու Մարկ Գրիգորյանի հետ։ Մասնակիցները նաև այցելեցին «Մեդիամաքս» լրատվական գործակալություն: Խմբագիր Դավիթ Ալավերդյանը տեղում մասնակիցների համար շրջայց կազմակերպեց,  ծանոթացեց գործակալության գործունեությանը, աշխատաոճին:
 ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Երևանի պետական համալսարանը, խոսեց միջազգային մի շարք համալսարանների հետ համագործակցություններից։ Նա նաև մասնակիցներին ներկայացրեց համալսարանի կայքը և «Երևանի համալսարան» ամսաթերթը։
 Հուլիսի 12-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մարի-Հրաչուհի Պօղոսեանը լրագրողների հետ վարեց իր 2-րդ դասախոսությունը։ Շարունակելով նախորդ դասի թեման՝ Մարի Պօղոսեանը խոսեց կրեատիվ լրագրողական տեքստի գաղտնիքներից։ Նա մասնակիցներին ներկայացրեց, թե որքան տարբեր կարող են լինել մարդկանց ընկալումները, և թե ինչպես է պետք ներկայացնել եղելությունը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ 
  «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցները հանդիպում ունեցան նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում Արամ Աբրահամյանը խոսեց այն մարտահրավերներից, որոնց առաջ այսօր կանգնած է տպագիր մամուլը։ Նրա խոսքով՝ տպագիր մամուլը կամ հիմնովին կփոխվի, կամ կվերանա։ 
  Հուլիսի 13-ին սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպում ունեցավ «Հայերն այսօր»-ի խմբագիր Լուսինե Աբրահամյանը։ Զրույցը ծավալվեց սփյուռքում հայոց լեզվի իմացության և հայապահպանության խնդիրների շուրջ։ 
  Դասընթացի երկրորդ շաբաթվա ընթացքում մասնակիցներն իրենց ժամանակի մեծ մասը հատկացրին գործնական աշխատանքների պատրաստամանը։ «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի վերջին օրը՝ հուլիսի 14-ին, սփյուռքահայ լրագրողները իրենց աշխատանքները կներկայացնեն գնահատող հանձնաժողովին, որի կազմում են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ծրագրի համակարգող Մհեր Հովհաննիսյանը և ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։ 
    
                         Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Գայանե Ենոքյան
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց